Ակսել Բակունց

Վիքիքաղվածք-ից
Ակսել Բակունցը

Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան, հունիսի 13, 1899, Գորիս - հուլիսի 18, 1937), հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Առավել հայտնի ստեղծագործություններից են՝ «Միրհավ», «Ալպիական մանուշակ», «Մթնաձոր», «Մթնաձորի «չարքը»», «Սպիտակ ձին» և այլն։

Քաղվածքներ[խմբագրել]

  • ...Մաքուր լեզվի, կենտրոնաձիգ լեզվի խնդիրը պետք է դնել։ Ես գտնում եմ, որ այդ լեզուն խարսխված պետք է լինի ժողովրդական լեզվի վրա։ ...Լեզվաշինարարության խնդիրներում պետք է ելակետ ունենալ ժողովրդական բարբառը... Թումանյանի փորձը շատ ուսանելի է մեզ համար[1]։
  • Էական հարցերից մեկը գրելաձևի և նյութի միմյանց հետ մերվելն է։ ...Կարևորն այն չէ, թե հին կամ նոր կյանք է պատկերվում, կարևորը պատկերելու մեջ նոր ձև ստեղծելն է...[1]
  • Մեծամիտ դատարկապորտը մխիթարում է ինքն իրեն նրանով, որ... մեծ մարդկանց սկզբում հալածում են, հետո մեծարում[1]։
  • Ինչպիսի՜ զավեշտական դիրք է ստանում ապրելու իմաստ չունեցող քաղքենին, երբ գրիչ է շարժում Հոկտեմբերյան էջերից մեկը նկարելու[1]։
  • Ոչ մի զիջում, հաշտության և ոչ մի եզր դավանած սկզբունքից։ Նորը պատերազմում պիտի հաղթի, իսկ հակառակորդին խնայելը նշանակում է դավաճանել «ընդհանուր երջանկության»[1]։
  • Ռուս գրողներից և ոչ մեկը չի ունեցել այդպիսի հզոր երևակայություն, և ոչ մեկը չի թողել այնպիսի էջեր, որտեղ լիներ այդքան արև, այդպիսի սանձարձակ տարերք և այդ տարերքի նման դյուցազուններ[1][2]։
  • ...Գրողները փոխանակ իրենց երկերի ձևը կառուցեն՝ բուն նյութի էությունից ելնելով, այդ նյութը խոթում են հանձնարարված ժանրի շրջանակի մեջ[1]։
  • Ինչպես հայ, այնպես էլ վրաց գրականության հիմնական թերությունը ես համարում եմ որոշ գավառականությունը[3]։
  • Խորհրդային գրողի բարոյական կերպարը դեռևս համապատասխան չէ նրա պատմական վիթխարի դերին։ Բանվոր հասարակության հետ սերտ կապի մեջ է գրողի բարոյական դիմագծի ձևավորման ուղին[3]։
  • Պատմական իրադարձությունների քննադատական վերանայման ուղին արժեքավորագույն միջոց է գրականության մեջ նոր ավանդներ մուծելու համար[3]։
  • Որտե՞ղ է ճշմարիտ ուղին. այդ ուղին վերադարձն է դեպի սկզբնաղբյուրները, դեպի ժողովրդական ստեղծագործությունը[3]։
  • Մեծ հետաքրքրություն ունի գեղարվեստական պատմական ժամանակագրության ժանրը[3]։
  • Մեր գրողների պարտականությունն է քննել, ուսումնասիրել դրանք, քննադատորեն վերցնել այնտեղից էպիկականությունը, արտահայտման խստությունը, լեզվի հարստությունները, բառերի ժլատ տնտեսումը[3]։
  • Ժողովրդի լեզուն պիտի հասկանաս ու գրես բնության լեզվով, որ ամեն ինչ լեզու առած խոսի հոգուդ հետ[3]։
  • ...Եթե մեր քննադատները չեն կարողանում ճիշտ եզրակացություն անել ու ճիշտ քննադատել, դրա պատճառն այն է, որ նրանք չեն մտել երկի մեջ և երկի կառուցվածքից չեն բխեցրել եզրակացությունը[4]։

Քաղվածքներ Ակսել Բակունցի մասին[խմբագրել]

  • Բակունցը մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է[4]։
Ավետիք Իսահակյան
  • Անմահ Բակունցը միայն մերը չէ, դարերինն է, մենք կանցնենք։ Նրա փառքը անմահ է, դարերինն է։ Ակսելը մեր լեզուն կոկեց... վճիտ ջրով ցողեց ու իր՝ ակսելյանը թողեց...։
Բակունցի պատմվածքներում հազիվ թե կարելի է գտնել որևէ էջ, ուր ադամանդների պես չշողշողան նրա համեմատություններն ու փոխաբերությունները, որ իր սև ցելերի սերմնացանի օրինակով այդպես առատորեն շաղ է տվել իր գրավիչ երկերում[4]։
Հարություն Մկրտչյան
  • Բակունցը, ճշմարտությամբ տալով հայ գյուղի կյանքը, հայ աշխատավոր գյուղացու հոգեբանությունն ու ձգտումները, ուժգնորեն սիրելով նրան և ապրելով նրա ճակատագրով, ինքն էլ իր այդ սիրելի հերոսների, հայ գեղջուկների կողքին, նրանց աչքերով է տեսնում ու նկարագրում մարդկանց, իրերը, բնությունը[4]։
Ռաֆայել Իշխանյան
  • Կոմիտասի երկերի և քո[5] գույների մասին խոսում են որպես բառերով անթարգմանելի հրաշքների մասին։ Բայց դա այնքան էլ ճիշտ չէ։ Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են քո կտավների գուներով։ Դա Ակսել Բակունցն է[4]։
Ավետիք Իսահակյան
  • ...Հմայիչ, կախարդիչ զրուցակից էր Բակունցը։ Նրա հետ կարելի էր ժամերով խոսել և երբեք չհոգնել... Որքան լրջամիտ, լրջախոհ էր Բակունցը, նույնքան և սրամիտ ու սրախոս էր[4]։
Վահրամ Ալազան
  • Հզոր է Ակսելի մեջ բնապաշտական (պանթեիստական) զգացողությունը. նա ապրում է, զգում է հողը, տարերքը, եղբայրական մի բարությամբ է համակված դեպի բույսերը, թռչունները, կենդանիները... Հատկապես ինձ շատ սիրելի է Ակսելի այս աշխարհազգացումը... Գեղեցիկ են, շա՜տ,- «Սպիտակ ձին», «Ծիրանի փողը», «Միրհավը», «Սև ցելերի սերմնացանը», իսկ ամենագեղեցիկը «Բրուտի տղան» է։ Այնպես նուրբ են հյուսված այս պատմվածքները, մանավանդ «Միրհավը», «Բրուտի տղան», այնպես նուրբ, կարծես երազ ես տեսնում, այնպես կախարդորեն հալվում են իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա ու իրական, ներկան դառնում է երազ, անդրաշխարհային[6]։
Ավետիք Իսահակյան
  • Նրա ներքնաշխարհի խորքում՝ ինչ-որ տեղ, ծվարել, թաք է կացել Զանգեզուրի հասարակ, անգրագետ գյուղացիների վերին աստիճանի սիրելի, մայրական տաք կաթով ցողված գեղջկական կեցությունը[6]։
Բակունցը խիստ քնքուշ, զգայուն գրող է. ես կասեի, որ լիրիկական այն նուրբ զգացմունքը, որ Բակունցի մեջ դրսևորվում է մարդկանց հանդեպ տածած այնքան բնական ու ինքնաբուխ սիրով, առանձնակի սրություն է տալիս նրա գեղարվեստական զննումներին[6]։
«Միրհավ» նովելը ես առանց երկմտելու կդասեի Մոպասանի նմանօրինակ պատմվածքների շարքը։ Ինչի՞ց է հյուսված այս նովելը. ծիրանի ծառերի միջից սողոսկող արևի լույսից, խաղողի հյութի բույրից, որ գալիս է այգու խորքում ծածկված հնձանից, որտեղ աշխատում է երիտասարդը։ Զարմանալի ողջախոհությամբ է վերարտադրված այն տղամարդու տվայտանքը, որը, արդեն իր կյանքի մայրամուտին, սպանված միրհավի մեջ զգում է ջերմությունն այն աղջկա, որը մի ժամանակ` երիտասարդության օրերին, անձնատուր է եղել իրեն ու ընդմիշտ մնացել իր հիշողության մեջ[6]։
Կ. Զելինսկի
  • Քո «Մթնաձորում» թախիծն է ծորում
Ու կարոտ` մանկութ հարազատ ձորի,-
Աշխատի՛ր սակայն, որ մութ այդ ձորում
Քո պայծառ ուղին անդարձ չկորի[6]։
Եղիշե Չարենց
  • Բակունցը, սակայն, ամենևին էլ տխուր գրող չէ։ Նրա էջերը լեցուն են պայծառ լավատեսությամբ։ ...Ամենուրեք նա տեսնում է զարմանալիորեն բազմազան, մարդուն բերկրանք պատճառող բնության գեղեցկությունը[7]։
Բակունցը լիրիկ գրող է։ Նրա նկարագրությունները աղբյուրի նման խոխոջում են ոչ բարձր ձայնով, բայց և բյուրեղյա մաքրությամբ ու տիրաբար[7]։
Վ. Կիրպոտին
  • Բակունցի արժեքը... իրական է... լավագույն Չեխովը մտաբերել կուտա։ Ակսելի մի քանի պատմվածք միայն կարդացած եմ պատահաբար, որոնք հայտնության մը պես եղան ինծի համար և հրճվանքով լեցուցին զիս[7]։
Լևոն Բաշալյան
  • Բակունցը անժխտելի վարպետ մըն է, անուրանալի արվեստագետ մը,- որքան նկարչի վրձին, նույնքան և ավելի ներքին հորդահոսուն քնարերգություն մը, որ կծավալի ամեն ինչի վրա՝ անշունչ թե շնչավոր, և զանոնք կը պարուրե քաղցր հուզականությամբ մը։ Իր այս առատ ու ինքնաբուխ քնարերգությունը թաթավուն է բարությամբ, խոր կարեկցությամբ։ Երգ մըն է Բակունցի քնարերգությունը, որուն նվագի տակ անկարելի է անզգա մնալ, չթաթախվիլ անով[8]։
Պետրոս Զարոյան
  • ...Առասպելը և հեթանոս դարերի շունչը դեռ շատ է հզոր Բակունցի՝ մոռացված ու իր հազարամյա դեմքը համարյա անարատ պահած գյուղերում[9]։
Բակունցի հոգեկան աշխարհում ասես անվերջ զրնգում էր Վահան Տերյանի ազնիվ ու անդավաճան երգը հայրենիքի մասին[9]։
Սուրեն Աղաբաբյան
  • Իր բնավորությամբ Բակունցը համեստ, լրջախոհ մարդ էր։ Նա շրջապատում իրեն զգացնել չէր տալիս։ Սիրում էր զրուցել գյուղացիների հետ, կատակել։
...Զարմանալի հոգեբան էր Ակսելը. կես բառից հասկանում էր մեր միտքը, մեր ցանկությունները։
Գրական կյանքում Բակունցը չէր աղմկում, բայց նրա մասին մեծ սիրով խոսում էր ժողովուրդը[9]։
Ռ. Պետրոսյան
  • Բակունցը միայն գրավոր խոսքի մեջ չէր վարպետ, կյանքում Բակունցը նույնքան հմայիչ էր, գեղեցիկ ու գրավիչ խոսքի վարպետ, հաճելի զրուցակից. նրա ոճը վերամբարձ չէր, այլ պատկերավոր էր և բանաստեղծական[10]։
Վ. Օհանյան
  • Մի խոր հարազատություն ենք զգում դեպի այն մարդը, որ այդպես ուշադիր է դեպի մեր հորովելը, մի զարմանալի քնքշությամբ է նայում մեր քերծերին, քերծերի վրա ընկած կարկատան արտերին, ամպերին ու ամպերից դենը երևացող լեռնագագաթներին[10]։
Սերո Խանզադյան
  • Խորունկ էր նա ու հմայիչ, հանդարտ ու հստակ։ Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում, այլև կյանքում։ Մոլորություններ չուներ, եթե չհաշվենք ծխախոտը։ Խմում էր առիթից առիթ և շատ հեռու էր աթոռներ որոնելուց։ Երբ բարձրանում էր տրամադրությունը, «չարություններ չէր անում»... Ամենամեծ «անկարգությունը», որ նա կարող էր թույլ տալ, դա այն էր, որ փողոցում կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.
-Ոչ մի հող այսպես չի բուրում...[10]:
Գուրգեն Մահարի
  • Բնության սիրահար էր նա, և սիրտը գեղջկական կյանքի կարոտով լի...։ Ակսելը ազգերի համերաշխության ջերմ ջատագով էր[10]։
Վախթանգ Անանյան
  • Ես չգիտեմ մի ուրիշ գրող, որն այնպես դժգոհ լիներ իր ստեղծագործություններից, ինչպիսին էր նա[10]։
Մովսես Արազի
  • Պետք է ունենալ, սակայն, Ակսելի վրձինը՝ կենդանի գույներով նկարելու համար այն երազկոտ զանգեզուրցուն, որն իջել էր հայրենի լեռներից, որպեսզի տասը տարվա ընթացքում բարձրանա մեր գրականության Արարատը[10]։
Մկրտիչ Արմեն
  • Պատմության և բնության զարմանալի ներդաշնակ համաձայնությամբ էր կյանքի կոչված նա։ Մշտասևեռ, ներհուն ու թախծոտ հայացքով նա ասես հավաքել էր ուզում նորածագ արևի փրկարարզորությունը և կիզել ինչ-որ անլուծելի գաղտնիքների հանգույցը։
Հավերժ սիրելի և աշքերիս առջև կենդանի կանգնած Ակսելի յուրաքանչյուր բառի ու դարձվածքի մեջ մերթ մրմնջում են, մերթ երգում Հայաստան աշխարհի երկնահաս լեռներն ու անդնդախոր վիհերը, անհուն երկինքն ու արագավազ գետերը, և այդ ամենից վեհ ու պայծառ` Հայաստանի հրաշք արևը[10]։
Մարտիրոս Սարյան
  • ...Եվ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան,-
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երգերի մաքուր սկիհներում պահված՝
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու,-
Քո «Միրհավի» համար - և լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ՝
Որ բուրելու է հար աննյութեղեն,-
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սև ցելերի վրա մեր գոյության այս սև
Շաղում է շողք ու սերմ անանձնական,-
Այս ամենի համար,- և Ծիրանի
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՜վ տենչած խաղաղության
Երգն է հնչում,- և մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո,
Հնչելու է երգեր եղբայրական,-
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ,
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով...
Այս ամենի համար,- և քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին -
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական...
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շրթերով, ինչպես օրեր առաջ,-
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ։
Եղիշե Չարենց

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 104։
  2. Խոսքը վերաբերում է Նիկոլայ Գոգոլին։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 105։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 103։
  5. Մարտիրոս Սարյան
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 99:
  7. 7,0 7,1 7,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 100։
  8. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 100-101։
  9. 9,0 9,1 9,2 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 101։
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 102։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ակսել Բակունց հոդվածը նաև Վիքիպեդիայում: